Ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման գործի հետաքննությունը նոր ընթացք է ստացել
Ղազախստանի տրանսպորտի նախարարության կողմից Ակտաու օդանավակայանի մոտ AZAL ինքնաթիռի կործանման գործով իրականացվող հետաքննությունը մոտենում է ավարտին, և դրա արդյունքները նախատեսվում է ներկայացնել 2025 թվականին կամ 2026-ի սկզբին։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը՝ մեկնաբանելով Ակտաուի մոտակայքում AZAL ինքնաթիռի կործանման գործի քննության ընթացքը։
Նրա խոսքով՝ հետաքննությունը բաղկացած է երկու ուղուց։ Գլխավոր դատախազությունն իրականացնում է քրեական վարույթ և այդ շրջանակում Ղազախստանը համագործակցում է իր ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ։
«Երկրորդ մասը վերաբերում է տրանսպորտի նախարարության քննությանը։ Տրանսպորտի նախարարության հետաքննությունը գտնվում է վերջնական փուլում։ Այժմ սպասում ենք տեխնոլոգիաների, օդային նավիգացիոն սարքերի և այլնի լիցենզավորողների կամ սեփականատերերի վերջնական եզրակացություններին»,- ասել է նա։
Գլխավոր դատախազության քննության մասին Բոզումբաևը նշել է, որ «այնտեղ նույնպես առաջընթաց կա»։
«Դուք տեսել եք հարևան պետությունների տարբեր ղեկավարների հայտարարությունները։ Հետևաբար, մենք հույս ունենք, որ հաջորդ տարի (հետաքննությունը) այնտեղ նույնպես կավարտվի»,– ընդգծել է փոխվարչապետը։
Ավելի վաղ Բոզումբաևը նշել էր, որ հետաքննության վերաբերյալ վերջնական զեկույցը պետք է պատրաստ լինի տարեվերջին, քանի որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կանոնակարգերը նման պահանջներ են սահմանում։
Հիշեցնենք՝ Embraer-190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Ակտաու նավահանգստի մոտ։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 38-ը, ներառյալ Ղազախստանի վեց քաղաքացիներ, զոհվել են։ Միջադեպը լարվածություն է առաջացրել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում, քանի որ, ըստ տեղեկությունների, օդանավը վնասվել է Ռուսաստանի օդային տարածքում։





























