Դիմում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Նավասարդ Կճոյանին կարգալույծ անելու համար․ Մարուքյան
Կյանքիս մեջ առաջին անգամ դիմում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ խնդրելով նրան, բոլոր այն սրբազաններին, ովքեր պահանջել են արդարություն, Եկեղեցու մաքրագործում և որպեսզի գործող Կաթողիկոսը գնա հանգստի, որևէ կերպ չանդրադառնալ։ Սակայն նրանցից կոնկրետ մեկին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին, կարգալույծ անել։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ինչու՞ եմ դիմում Կաթողիկոսին այս խնդրանք-առաջարկով։
Նավասարդ Կճոյանին մեր ժողովուրդը ամենալավն է ճանաչում և միշտ զարմանք է պատճառել մեզ, թե այդ ի՞նչ արժանիքների համար է նա առաջնորդում ՀԱՍԵ ամենամեծ թեմը:
Ուստի, Կճոյանին կարգալույծ անելով, դուք Փաշինյանին և նրա թիմին կդնեք մի այնպիսի հիմար իրավիճակի մեջ, երբ նրանք ստիպված կլինեն պաշտպանել նրան՝ բացահայտելով, որ իրենց գործողությունները որևէ կապ չունեն Եկեղեցու մաքրագործման հետ։
Առհասարակ, ես կարծում եմ, որ Նավասարդ Կճոյանը դեռ շատ վաղուց պետք է կարգալույծ հռչակվեր կամ, գոնե, չպետք է տարիներ շարունակ, ժողովրդականություն չվայելելով, առաջնորդեր Արարատյան թեմը»,- գրել է Մարուքյանը:
Գրառման մեջ նա նշել է․ «Վերջին տարիներին մեր պետությունը բազմաթիվ մարտահրավերների միջով է անցել և անցնում, իսկ նա որևէ ձևով աչքի չի ընկել, չհաշված, իհարկե, ադամանդների, օֆշորների, զենքի և Բենթլիի հետ կապված սկանդալները։
Խնդրում եմ կարգալույծ հռչակել Նավասարդ Կճոյանին, որպեսզի տեսնենք, թե ինչպես են Եկեղեցին «նորոգող» ՔՊ-ականները հենվում նրա վրա և պաշտպանում նման համբավով հայտնի կարգալույծ հոգևորականի»։





























