Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հարցաքննվում է փորձագետը․ մանրամասներ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։ Հարցաքննվում են փորձագետները։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանն ասաց, որ դեպքի վայրում եղել է դեպքի օրը, մասնացել է դեպքի վայրի զննությանը. «Կոնկրետ հրավիրվել եմ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի՝ Ասլանյանի կողմից։ Լույսը բացած էր, որ տեղ ենք հասել։ Դեպքի վայրում արդեն իսկ կատարվում էին որոշակի քննչական գործողություններ»,- ասաց նա։
Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ կարևոր է հստակ նշել ժամ, թե քանիսին է հասել դեպքի վայր. «Ինչո՞վ են պայմանավորված նման հարցերը։ Պայմանավորված է հետևյալով, որ տուժող կողմի մոտ ոչ միայն առկա է համոզմունք, այլ դրա վերաբերյալ կա նաև հավաստում առ այն, որ դեպքի վայրն ի սկզբանե խախտված է եղել»։
Մելքումյանը կրկնեց, որ կոնկրետ ժամը չի կարող նշել. «Մեր՝ դեպքի վայր ժամանելու պահին դիակներն արդեն դեպքի վայրում չէին։ Հրդեհը մարված էր, դիակները տեղափոխված էին։ Պարզ է, այդ ընթացքում հնարավոր էր դեպքի վայրի որոշակի աղավաղում տեղի ունենար»։
Փորձագետի ներկայացմամբ, շինության նախամուտքն ամբողջությամբ՝ առաստաղ, տանիք, հատակ, այրված էր։ Ինչ վերաբերում է զուտ կացարանին, որտեղ եղել են զինվորները, փորձագետն ասաց, որ տանիք, առաստաղ, հետևի պատ քանդված էր, հատակին առկա էին այրված մնացորդներ։
«Նշանակված փորձաքննությունը, կոնկրետ իմ մասով, դա պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական փորձաքննությունն էր, այսինքն, ըստ երևույթին, նախաձեռնող կողմը քննարկում էր նաև պայթյունի հնարավորության տարբերակը։ Մեր կողմից դեպքի վայրի հետազոտման ժամանակ կատարվել է նմուշառում, հետագայում լաբորատոր հետազոտման է ենթարկվել, ըստ որի՝ դեպքի վայրից վերցված նմուշներում պայթուցիկ նյութի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ դեպքի վայրում պայթյունին բնորոշ հետքեր նույնպես չեն հայտնաբերվել»,- ասաց Մելքումյանը։





























