Առողջապահական ծառայություն պետք է ստանան նրանք, որոնք դրա կարիքն ունեն. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 14-ի նիստում անդրադարձել է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին, որը ներդրվելու է 2025 թվականի հունվարից։ Վարչապետը նշել է, որ հնարավոր ռիսկերից մեկը կարող է լինել այն իրավիճակը, երբ բուժառուն և բուժհաստատությունը տարբեր կարծիք ունենա, թե իրականում ինչ բժշկական ծառայության կարիք ունի հիվանդը։
«Կարող են լինել դեպքեր, որ մարդը ասի՝ շատ վատ եմ, պետք է հիվանդանոց պառկեմ, իսկ բուժհաստատությունը պնդի՝ դրա կարիքը չկա։ Մենք վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ունենալո՞ւ ենք»,- հարցադրել է Փաշինյանը՝ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Վարչապետը ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել ծառայությունների տրամադրումը միայն այն քաղաքացիներին, ովքեր իրական, օբյեկտիվ կարիք ունեն։ Նա նշել է, որ վերահսկողության համակարգը պետք է ձևավորվի այնպես, որ քաղաքացիների մոտ ոչ արդարության զգացում առաջանա, ոչ էլ բաց մնան չարաշահումների հնարավոր դռներ։
Փաշինյանը մատնանշել է ոլորտում առկա խնդիրները՝ ներառյալ այն դեպքերը, երբ կառավարությունից վճարումներ են ակնկալվել չիրականացված կամ ավելորդ ծառայությունների դիմաց։
«Սա ամենամեծ ռիսկն է, այդ թվում՝ այսօր»,- ընդգծել է նա՝ կոչ անելով ապահովել համակարգի թափանցիկությունն ու սխալների կանխումը։





























