«Պապ, կներես մեզ». Վագիֆ Խաչատրյանի դստեր խոսքը՝ Բաքվի բանտում գտնվող հորը
Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հոր 70-ամյակի օրը հուզիչ գրառում է արել Facebook-ի իր էջում․
«Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է, բայց լինում են օրեր, երբ լռել չես կարող։ Այսօր հայրիկիս 70-ամյակն է, իսկ մենք խենթանում ենք անզորությունից՝ որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել՝ պապա, ծնունդդ շնորհավոր։ Կներես մեզ, անզորներիս… Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Դու գալու ես… վստահ ենք… Խոստացել ես…»,- գրել է նա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման․ պատժի առաջին հինգ տարին անցկացնելու է բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նա դատավարության ընթացքում հայտարարել էր, որ որևէ կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ։
Խաչատրյանը 2023 թվականի հուլիսի 29-ին Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգվել էր Հակարիի կամրջից։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում իբր իրականացված հանցագործությունների համար, սակայն Խաչատրյանը դատավարության ընթացքում հերքել է մեղադրանքները։





























