
Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակիրը դիմել է Եկեղեցու բարձրաստիճան հայրերին և պատկան կառույցներին

Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը հայտարարությամբ է հանդես եկել համացանցում տարածված ձայնագրության մասով, որում իր ու Նաթան Սրբազանի խոսակցությունն էր։
«Նախորդ օրերին մամուլում հայտնվեց հեռախոսային ձայնագրություն, որը դարձավ հասարակության լայն շերտերի բուռն քննարկման առիթ։
Ցավում եմ շատ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և իմ հեռախոսազրույցը, որը պարունակում է անձնական և ընտանեկան հարցեր, շրջանառման նյութ է դարձել։ Չքննարկելով ձայնագրության իսկությունը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որը, սակայն, սպառիչ չէր ըստ արդյունքների, և շարունակվում են լրատվամիջոցների ու հազարավոր հավատացյալների հարցերն ուղղվել ինձ, որոնք համախմբելով՝ ստացել եմ հետևյալ պատկերը.
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հարցերը քննարկող մարմնի ղեկավարի ուշադրությանը ներկայացված խիստ բարոյական, արժեհամակարգային և ինստիտուցիոնալ բնույթ կրող խնդրո առարկա նյութը նույն Կարգապահական մարմնում արդյո՞ք ընթացք ստացել է, թե ոչ։
- Եթե չի ստացել, ապա ինչո՞ւ։
- Եթե ստացել է, կա՞ արդյոք քննարկման և որոշումների մասին արձանագրություն, թե ոչ:
- Եվ եթե կա, ինչու՞ օրեր առաջ Տեղեկատվական համակարգը հղում չարեց այդ քննարկումներին և որոշումներին։
Այժմ խնդրանքս է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հայրերին և Եկեղեցու պատկան կառույցներին, որպեսզի, փոխանակ հետևելու և արձագանքներն ամբողջությամբ իմ վրա թողնելու, իրենք պատասխանեն հասարակությանը և հավատացյալներին հուզող հարցերին` զերծ պահելով նոր քննարկումներից ու տարընթերցումներից։
Աստված պահապան և օգնական մեր Մայր Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն և հարազատ ժողովրդին»,- գրել է նախկին գավազանակիրը։
Հիշեցնենք՝ իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն էին տարածել, որում Նաթան Սրբազանի ու Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակրի խոսակցությունն է։
Նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանն այդ ձայնագրությունում Վեհափառ Հայրապետին մեղադրում է, թե, իբր, ստիպում է, որ ինչ-միտինգի մասնակցի ընտանիքի անդամների հետ։