
Սպերցյանին հեռացրել են «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանին հեռացրել են «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից, որը ՌՊԼ-ում շնորհվում է 1994 թվականից: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Նշվում է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները Սպերցյանին հանել են ցուցակից ռասիստական արտահայտություն անելու մեղադրանքով առաջացած սկանդալից հետո։
«Ստեղծված իրավիճակում, Կարգապահական վերահսկողության կոմիտեի կողմից խաղացողին տուգանելու որոշման և հասարակական մեծ արձագանքի պատճառով, նպատակահարմար չենք համարում «Կրասնոդարի» ֆուտբոլիստին թողնել ջենթլմենի սև սմոքինգի հավակնորդների ցուցակում», – կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։
Նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի երկրորդ խաղակեսի վերջնամասում Նդոնգի եւ Սպերցյանի միջև բախում էր տեղի ունեցել: Մրցավարը դրվագի կրկնությունը դիտելուց հետո սենեգալցուն խաղադաշտից հեռացրել է ագրեսիվ պահվածքի համար, իսկ Սպերցյանը դեղին քարտ է ստացել սադրիչ գործողությունների համար: Խաղի ավարտից հետո Նդոնգը Матч ТВ-ին հայտնել էր, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստն իրեն սադրել է ռասիստական հայտարարություններով։
Կարգապահական վերահսկողության կոմիտեն քննեց դրվագը և որոշեց Նդոնգին որակազրկել ՌՊԼ-ի երկու հանդիպումով, որոնցից մեկը պայմանական, իսկ Սպերցյանին տուգանել 150 հազար ռուբլիով՝ «Ախմատի» պաշտպանին վիրավորելու համար։