
Հոգևորականների ձերբակալությունները տեղավորվում են Մայր աթոռի դեմ հակաեկեղեցական արշավի մեջ․ Աբրահամյան

Մայր աթոռի դեմ հարձակումից առաջ իշխանությունն իր վերջին նախապատրաստությունն է իրականացնում։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից Արագածոտնի թեմում իրականացված ձերբակալություններն ու խուզարկությունները։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ 13 հոգևորականների և 3 աշխարհիկ ծառայողների ձերբակալությունները լիովին տեղավորվում են Մայր աթոռի դեմ հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ։
«Ակնհայտ է, որ այս իշխանության համար որևէ սահման վաղուց գոյություն չունի, նշանակություն չունի, թե ում նկատմամբ են իրականացվում այդ հարձակումներն ու ապօրինությունները։ Այս պարագայում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների համատեքստում հերթով փորձում են թիրախավորել այն թեմերը, որոնց միջոցով է եկեղեցին հանրապետության տարածքում իրականացնում իր առաքելությունն ու ծառայությունը»,- նշեց Աբրահամյանը։
Պատգամավորն անդրադարձավ ՀՀ քննչական կոմիտեի՝ նախօրեին տարածած հաղորդագրությանը և հրապարակած «իրեղեն ապացույցների» լուսանկարներին։ ՔԿ-ն հայտնել էր, որ 3 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։
«Այստեղ իրավական որևէ բան գոյություն չունի։ Այն իրերը, որ ներկայացված էր, նաև գումարը, թեմի շրջանառու միջոցներն են։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկի համար նորություն էր, որ նվիրատվություն է կատարվում, գումար է շրջանառվում, ծառայություն իրականացնելիս նաև բենզինի կտրոններ է օգտագործվում, այսինքն՝ որևէ կրիմինալ բան այնտեղ չկար»,- նշեց նա։