Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը․ Վարդևանյան

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ այս մասին հայտնեց պաշտպանական թիմից Արամ Վարդևանյանը։


Հակակոռուպցիոն դատարանը, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, արդեն երկրորդ օրն է՝ քննում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։


«Եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Մեր ակնկալիքի նշաձողը բավականին ցածր է, մենք չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև կլինի միամտություն կարծել, որ մենք դա կարող ենք ունենալ այսօրվա պայմաններում»,- ասաց Վարդևանյանը։


Նրա խոսքով` անգամ 5-10 տոկոս իրավաբանությունն էլ բավարար է, որ միջնորդությունը մերժվի։ Վարդևանյանը հավելեց՝ հիմա արդեն այն փուլն է, որ դատարանը պետք է հարցեր ուղղի պաշտպանական կողմին։ Դրանից հետո դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։


Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Քաղաքականություն

Պատահարներ