Ստացվել են Նդոնգի և Սպերցյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեխնիկական ձայնագրությունները

Ռուսաստանի ֆուտբոլային միության Վերահսկիչ-կարգապահական կոմիտեն (ՌՖՄ ԿԿ) ստացել է գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի տեխնիկական ձայնագրությունները, «Матч ТВ»-ին հայտնել է ԿԿ նախագահ Արթուր Գրիգորյանցը։


​Հոկտեմբերի 4-ին «Ախմատը» ՌՊԼ-ի 11-րդ տուրի արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել էր «Կրասնոդարին»։ Հանդիպման վերջնամասում Նդոնգը կարմիր քարտ էր ստացել «ցուլերի» ավագ Էդուարդ Սպերցյանին ուսով հարվածելու համար։ Խաղից հետո սենեգալցին «Матч ТВ»-ին հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր հասցեին ռասիստական արտահայտություն է թույլ տվել և դրանով հրահրել հարվածը։


Սպերցյանն էլ «Матч ТВ»-ին ասել էր, որ Նդոնգը վիրավորել է իր մորը, մինչդեռ աֆրիկացու հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն չի եղել։


​«Մենք հոկտեմբերի 16-ի նիստին հրավիրել ենք ակումբների ներկայացուցիչներին, ինչպես նաև Սպերցյանին և Նդոնգին։ Մեր տրամադրության տակ կան մի շարք գրավոր փաստաթղթեր երկու ակումբների կողմից՝ իրենց դիրքորոշումներով, ինչպես նաև տեսանյութեր. մենք հարցրել էինք «Կրասնոդարից» և «Ախմատից» տեխնիկական ձայնագրությունները, և նրանք դրանք տրամադրել են», — ասել է Գրիգորյանցը «Матч ТВ»-ի թղթակցին։


Քաղաքականություն

Պատահարներ