Բողոքի ակցիա` ի աջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն հոկտեմբերի 7-ից կալանավորված Արսեն Ղուկասյանի, ով 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայրն է և անհետ կորած համարվող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը։


Ակցիայի մասնակիցներից Սերգո Գալստյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորեղբայրը, նշել է՝ իրենց ակցիան խաղաղ է, նպատակն է բարձրաձայնել Արսեն Ղուկասյանի ապօրինի կալանավորման և առողջական ծանր վիճակի մասին։


«Արսեն Ղուկասյանի պայքարը պաշտոնի համար չէ, նա ընդամենն ուզում է եղբոր որդու ճակատագիրն իմանալ»,- նշել է Գալստյանը։


Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանն էլ նշեց, որ իր վստահորդի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, որովհետև ուղիղ ցուցում կա, որ նրան պետք է անմիջապես հետազոտի նեղ մասնագետը, սակայն արդեն հինգերորդ օրն է լրանում՝ այդ ցուցումը չի կատարվում։


«Այս ամենը մտահոգվելու տեղ է տալիս։ Արսեն Ղուկասյանը պինդ, ուժեղ մարդ է, չի ցանկանում, որ ուշադրությունը սևեռվի իր առողջության վրա, բայց ես ամեն անգամ Ղուկասյանի էպիկրիզները բժիշկներին ներկայացնելիս այդ զարմանքն եմ ունենում, թե ոնց է այս մարդն այս ցուցանիշներով շարունակում ոտքի վրա մնալ»,- ասել է Սողոյանը։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։

Քաղաքականություն

Պատահարներ