
Շիրակի մարզպետարանն անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանի հայտարարություններին

Հաշվի առնելով վերջին օրերին «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջի» տարատեսակ մեկնաբանությունների թեմա դարձած հրապարակումները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։
«Պետական մարմինները, այդ թվում և Գյումրու համայնքապետարանը, պարտավոր են պաշտոնական կայքում, այդ թվում և սոցիալական պաշտոնական հարթակներում հրապարակել ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ մասին տեղեկատվություն, տեղեկատվությունը պետք է լինի արդիական, հավաստի, ամբողջական և անվճար:
Պետական մարմինները սահմանում են պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության բովանդակությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշմանը համապատասխան:
Այնինչ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում մարմնի գործունեության մասին տեղեկատվության չթարմացմանն ու անհրաժեշտ այլ տեղեկությունների հրապարակման հապաղմանը զուգընթաց, համայնքապետարանը «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն ինքնին անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ակնկալում են համայնքապետարանի էջում տեսնել արված աշխատանքի մասին տեղեկատվություն։
Պետական մարմնի կողմից մշակվող և հանրային քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և դրանց հիմնավորումների, պետական մարմնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների և այլ տեղեկատվական հոդվածների, այցելությունների ու խնդիրների լուծման մասին հրապարակումների փոխարեն, Գյումրու համայնքապետարանը ֆեյսբուքյան էջն օգտագործում է պետական պաշտոնյաներին վարկաբեկելու, անհարիր մեկնաբանություններ ու որակումներ հրապարակելու նպատակով։
Պետական մարմնի գործունեության ճիշտ լուսաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դատապարտում ենք նման գործելաոճը և հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ հրապարակումներից, իսկ ազատ խոսքի իրավունքն իրացնել անձնական հարթակներում»,- ասված է հայտարարությունում։