Վարդան Ղուկասյանն արձագանքել է Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից իրեն «քաղաքական և հանրային դաշտից դուրս շպրտելու» մասին հայտարարությանը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից իրեն «քաղաքական և հանրային դաշտից դուրս շպրտելու» մասին հայտարարությանը։


«Ես չէի կարող քաղաքական հայտարարություն չանել, որովհետև Ազգային ժողովում՝ թիվ 1 ամբիոնից, Հայաստանի վարչապետի հնչեցրած խոսքը, թե հանրային և քաղաքական դաշտից պետք է քաղաքապետին դուրս շպրտել, ընդհուպ Վարդանիկ բառն է բերանից հանում։ Ճիշտն ասած, մենք դրան սպասում էինք, սպասում ենք այլ և այլ բաների ևս։ Եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով՝ քաղաքական և հանրային դաշտից, գիտեք՝ գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում, քաղաքականությունը հասկացանք, իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել, այսինքն, ո՞ւր տանել էդ մարդուն, լուսի՞ն, թե՞ կյանքից զրկել»,- ասել է նա։


Ղուկասյանն իրավական խորհրդատվություն է արել Հայաստանի վարչապետի հայտարարության շուրջ. «Հիմա հայտարարություն եմ անում իրավական ոլորտին. հանրային դաշտից դուրս շպրտել, նշանակում է՝ կյանքից զրկել։ Պետք է նա բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ»։


Ղուկասյանի խոսքով՝ մշտապես թիրախավորում են «ընդդիմական» դաշտին. «Մարտուն Գրիգորյանին և մյուսներին, թե ես ընտրվել եմ իրենց կողմից։ Դիտավորյալ են անում, որ ես նրանց բան ասեմ, իրենք՝ իրենց, կոնֆլիկտ սարքել տան, սարքեն Փարաքարի դեպքերը», -ասել է Վարդան Ղուկասյանը։


Նա անդրադարձել է իր ծառայողական մեքենայի հետ կապված միջադեպին՝ բացարձակ սուտ որակելով ոստիկանության տարածած հայտարարությունը, թե կանոնները խախտել է, դրա համար են մեքենան կանգնեցրել.


«Ամեն խաչմերուկի վրա մի մեքենա էր կանգնած, ես որ առաջին մեքենան տեսա, ասի՝ տղերք, սրանք եկել են մեր հետևից, դրանից հետո երկրորդը, ասի՝ պատրաստվեք։ Ուրեմն, չորս մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր ետևից, ու ասում են՝ պատահականություն է։ Միանշանակ պատահականություն չէ, կարգադրություն է։ Հետո, ամենազավեշտը նա է, որ ասում են՝ զրահապատ մեքենան պիտի տանենք ГАИ։ Ի՞նչն է պատճառը, ուզում են մեքենան վերցնեն մեր ձեռքից, լավ, եթե մեքենան վերցնեն, դա ի՞նչ է նշանակում, պատրաստվում են երկրո՞րդ անգամ կրակել։ 2007 թվականին արեցիք, էդքան մարդիկ մահացան, ձեններդ դուրս չի գալիս, սուտ գցեցիք հանցագործ աշխարհ, էս կողմ, էն կողմ, ստից սարքեցիք, լավ էլ ստացվում է ձեր սցենարը»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ