Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Հայաստանի դեմ. «Հետք»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության դեմ՝ հանձին Գլխավոր դատախազության, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել: Սեդրակ Քոչարյանը պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը և փոխհատուցել ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով:


Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատարան դիմել են ոչ շատ տարածված հայցով, քանի որ պրակտիկայում անմեղության կանխավարկածի խախտման հետ կապված շատ քիչ հայցադիմումներ են ներկայացվում:


Նշենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները` միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:


Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո, նպատակ ունենալով քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը` գույքին օրինական տեսք տալու նպատակով Ս. Քոչարյանն այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու և այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով:


Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ դատախազի հարցազրույցը, որով Ս. Քոչարյանին վերագրել է հաստատապես կատարված արարք, անմեղության կանխավարկածի խախտման դասական օրինակ է: Փաստաբանը հույս ունի, որ դատարաններն այդ հանգամանքը հաշվի կառնեն և համապատասխան վճիռ կկայացնեն:


Փաստաբանը պարզաբանել է, թե ինչու է Դատախազությունը նշված հայցադիմումում: Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ հայցը Հայաստանի Հանրապետության դեմ է, սակայն, Հայաստանն անմեղության կանխավարկածը խախտել է Դատախազության միջոցով:


Նշենք, որ հայցը դատարան է մուտքագրվել 2025թ. հոկտեմբերի 3-ին և մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին: Հայցադիմումի՝ վարույթ ընդունելու հետ կապված որոշում դեռ չի կայացվել:

Քաղաքականություն

Պատահարներ