
Մենք հետ քայլ չենք անում. բանակը մնում է Գազայի հատվածում. Իսրայել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի լքում Գազայի հատվածը եւ չի դադարեցնում ռազմական գործողությունները, այլ միայն նվազեցնում է դրանց ինտենսիվությունը: Սա արդյունքն է նրա, որ ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել քննարկել հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրը, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին:
«Մենք այդ ծրագրի առաջին փուլում ենք։ ՑԱԽԱԼ-ը մնում Է Գազայում, և զորքերի հետքաշումը կլինի միայն մինչև «դեղին գիծ» և Գազա քաղաքի շրջակայքը պատանդների ազատման փուլում: Մենք հետ քայլ չենք անում, սակայն բանակը մնում է Գազայի հատվածում», - ասել է աղբյուրը:
Սպիտակ տան պլանի համաձայն՝ «դեղին գիծը» սահմանագիծն է Գազայի հատվածի տարածքում, ուր կմեկնեն ՑԱԽԱԼ-ի ստորաբաժանումները, քանի դեռ ընթանում է պատանդների ազատ արձակումը:
«Ոչ ոք հենց հիմա չի հեռանում, մենք կրճատում ենք ռազմական գործողությունների ինտենսիվությունը, դա հրադադար չէ։ Առաջին փուլում պատանդներին ազատ կարձակեն։ Դրանից հետո մենք կշարունակենք բանակցությունները», - նշել է պորտալի զրուցակիցը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՑԱԽԱԼ-ը հրաման է ստացել դադարեցնել հարձակումը Գազա քաղաքում, սահմանափակվել ինքնապաշտպանության համար պաշտպանական գործողություններով: ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը զորահրամանատարների հետ քննարկել է Գազայի հարցով Թրամփի ծրագրի առաջին փուլի իրականացման նախապատրաստական աշխատանքները:
Ծրագիրը ենթադրում է կենդանի իսրայելցի պատանդների ազատ արձակում, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձ 72 ժամվա ընթացքում: Փոխարենը նախատեսվում է հրադադար։