Որ ապրանքներն են թանկացել սեպտեմբերին

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. սեպտեմբերը 2024 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։


Ըստ կոմիտեի տվյալների` 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնաճ:


Հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2 %-ով, թռչնամսի գինը` 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերի գները՝ համապատասխանաբար 3.1%-ով, 4.9%-ով և 9.4%-ով, արևածաղկի բուսական յուղի գինը` 15.9%-ով, հրուշակեղենինը` 1.6%–ով, շոկոլադի գինը` 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5 %-ով, թեյինը` 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7 %-ով։


Հաշվետու ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4.7%–ով և 8.3%-ով։


Ինչ վերաբերում է ձվի և հնդկացորենի գներին, ապա դրանք նվազել են 3.0%–ով և 0.6%-ով։


Բանջարեղենի գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել են 2.4%–ով, իսկ մրգի գները` 12.4%-ով:


Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի գներին` կոմիտեից նշել են, որ 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 1.1% գնանկում և դիզելային վառելիքի 1.5% գնաճ, իսկ օգոստոսի համեմատ գներն աճել են համապատասխանաբար 4.4%–ով և 3.9%-ով:


Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 15.2% գնանկում։ Ի դեպ, սեպտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:


2025 թ. սեպտեմբերին դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.8 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024 թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից (387.4 դրամ):



Քաղաքականություն