Օֆերտայի սկզբունքով պետպատվերի մեխանիզմը խնդրահարույց է

Օֆերտայի սկզբունքով պետպատվերի մեխանիզմը խնդրահարույց է։ Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ նշելով, որ իրեն են դիմել շատ քաղաքացիներ, որոնք խոցելի խմբերի ներկայացուցիչներ են, և ասել, որ չեն կարողանում պետպատվերի շրջանակներում ՄՌՏ և ԿՏ հետազոտություններ անցնել, քանի որ ռադիոլոգների ասոցիացիան սահմանել է ցանկ ու իրենց հիվանդությունն այդ ցանկում չկա։


Նա հետաքրքրվեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, թե ինչու է նման նեղ սահմանափակում դրվել, որ մարդիկ, ըստ էության, չեն կարողանում պետպատվերով հետազոտություններ անցնել։


Ի պատասխան Ավանեսյանն ասաց. «Դուք էլ ասացիք, որ փոփոխություններն արվել են ռադիոլոգների ասոցիացիայի հետ եւ հենց մասնագետներն են կանխորոշում, թե որ դեպքերում են դժվարամատչելի տվյալ հետազոտությունները ցուցված, որ դեպքում՝ ոչ»։


Արման Ղազարյանը նկատեց. «Խոսքը վերաբերում է ՄՌՏ և ԿՏ հետազոտություններին։ Դուք ամպագորգոռ ասում եք, որ հատուկ խումբ ունեցող, այդ թվում խոցելի խմբերի համար բոլոր հետազոտությունների, այդ թվում ՄՌՏ և ԿՏ հետազոտությունների մասով անվճար է։ Հիմա ես բազմաթիվ քաղաքացիների եմ հանդիպել, որոնք դիմում են իրենց բուժհաստատություններ, որ ստանան անվճար ուղեգրեր հետազոտությունների համար, իրենց ասել են՝ ձեր ախտորոշումը ռադիոլոգների կողմից տրված ցանկում չկա։ Այսինքն մի կողմից ասում եք՝ ձեր բոլոր հետազոտություններն անվճար է, մյուս կողմից այնքան նեղ սահմանափակում եք դրել, որ մարդիկ չեն կարողանում այդ ախտորոումներով անվճար ուղեգրվել»։


Նախարարն էլ արձագանքեց. «Ես էլ ձեզ պես բժիշկ չեմ եւ ես չեմ որոշում, թե որոնք են ցուցումները ՄՌՏ, ԿՏ հետազոտություններ անցնելու։ Դրա համար կան մասնագետներ, մասնագիտական ասոցիացիաներ և դրանք հենվելով ուղեցույցերի վրա, սահմանում են, թե որոնք են ցուցումները, և որոնք չեն։ Ոչ պացիենտը, ոչ պատգամավորը, ոչ էլ նախարարը չեն կարող ասել, որ կան բաներ, որ ուզում ենք անվճար անցնենք, լավ կլինի անցնենք։ Մենք առաջնորդվում ենք բժշկագիտական մոտեցումներով։ Անհրաժեշտության դեպքում գործում է օֆերտան և անվճար է»։

Քաղաքականություն