
Եզրաս արքեպիսկոպոսը հարկ չի համարում անդրադառնալ իր` «Миротворец»-ի բազայում ընդգրկվելուն

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը կարևորություն չի տալիս այն փաստին, որ իրեն ներառել են ուկրաինական «Миротворец» բազայում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Թեմից գործակալությանը հայտնել են, որ Եզրաս արքեպիսկոպոսը հարկ չի համարում անդրադառնալ այս թեմային։
Նախօրեին հայտնել էինք, որ Եզրաս արքեպիսկոպոսն ընդգրկվել էր ուկրաինական «Миротворец» բազայում։ Որպես պատճառ նշվում է աջակցությունը Ռուսաստանին, «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հարձակումը»։
«Миротворец» կայքը հայտնի է սկանդալային հրապարակումներով, որոնցում ներկայացվում են լրագրողների, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի աշխարհազորայինների և այլ քաղաքացիների տվյալները՝ նրանց անվանելով «հայրենիքի դավաճաններ»:
«Миротворец» կայքի տերերի գործողությունները քննադատել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրապարակումները գնահատելով որպես «լրագրողների նկատմամբ հաշվեհարդարի ուղիղ կոչ»: