ՆԳՆ խոսնակը մանրամասներ է ներկայացրել Փարաքարում սպանության դեպքից

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց սեպտեմբերի 23-ի ուշ գիշերը Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության նախաքննության ընթացքը։


Սարգսյանի խոսքով՝ ժամը 23:50-ի սահմաններում ստացվել է ահազանգ, որ հնչել են կրակոցներ։ Մահացածներից մեկը համայնքապետն էր, մյուսը՝ քրեական ոստիկանության աշխատակից։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը, ստեղծվել է օպերատիվ շտաբ ՆԳ նախարարի գլխավորությամբ։


Նա նշեց, որ քրեական վարույթի շրջանակում ՆԳՆ աշխատակիցները, համագործակցելով այլ իրավապահ կառույցների հետ, իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և հանցանքի անմիջական կասկածանքով մեկ անձ արդեն ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին։


Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործության հետքեր և իրեր, այդ թվում՝ հանցագործության պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն, որոնք փորձել էին այրել, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարք։ Ներկայում իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար։


Սարգսյանը ընդգծեց, որ հաշվի առնելով դեպքի հասարակական մեծ հնչեղությունը, ՆԳՆ-ն և ՔԿ-ն պարբերաբար հանդես կգան նոր հայտարարություններով։


Նշենք, որ քննվող վարկածներից մեկն այն է, որ սպանությունը կարող է կապված լինել ամիսներ առաջ Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության հետ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվածը Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Քաղաքականություն