Հայաստանը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան տրանսպորտային ուղի ստեղծելուն

Կայացել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՂՀ փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, կարևորել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում, և ընդգծել առևտրատնտեսական գործընկերության ոլորտում չիրացված մեծ ներուժը:


Մհեր Գրիգորյանն առանձնակի անդրադարձ է կատարել համագործակցությանը տրանսպորտի ոլորտում:


«Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին։


Զուգահեռաբար Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է մեր երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։


Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ։


Միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը հատկապես կարևոր է Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։

Քաղաքականություն