
Ինչ առավելություն կլինի` թվային վարորդական վկայականի և տեխանձնագրի տարբերակն ընտրելու դեպքում

Հայաստանի կառավարության նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վարորդական վկայականների և հաշվառման վկայականների թվայնացման մասին նախագիծը։
Նախարարը նշեց, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորումը, ըստ որի քաղաքացիները կարող են օգտագործել թվային վարորդական վկայական և թվային հաշվառման վկայագիր (տեխանձնագիր)․
«Սեպտեմբերի 1-ից սկսած մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայական իրենց մոտ պահելու։ Մինչ այդ գործում էր պատասխանատվության սկզբունքը․ եթե չկար պլաստիկ վարորդական վկայականը ֆիզիկապես, ապա վարորդները ենթարկվում էին վարչական պատասխանատվության։ Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վկայականները գեներացված են և հասանելի են նույնականացման համակարգի միջոցով»,- նշեց նա։
Սարգսյանը հավելեց, որ առաջին անգամ փաստաթուղթ ստանալու դեպքում քաղաքացին կարող է ընտրել պլաստիկ կամ թվային տարբերակը։ Թվային տարբերակ ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է։
«Եթե անձը նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ տեխանձնագիրը, ապա վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարող է օգտվել նաև թվային տարբերակից»,- ասաց նախարարը։
Նախագծով կարգավորվում են նաև մի շարք տեխնիկական հարցեր՝ ապահովելու համար իրավական հստակություն և ծառայությունների սահուն մատուցում։