
Գազայում ավելի քան 660 հազար երեխա զրկված է դպրոց գնալու հնարավորությունից

Գազայի հատվածում ավելի քան 660 հազար երեխա զրկված է դպրոց գնալու հնարավորությունից, քանի որ գրեթե ամբողջ ենթակառուցվածքն ավերվել է Իսրայելի հարվածների հետևանքով: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին:
«Գազան ավերակ է դարձել, ինչպես և նրա կրթական համակարգը։ Իսրայելական զորքերը ոչնչացրել կամ վնասել են Գազայի դպրոցների և ուսումնական հաստատությունների մեծ մասը: Այսօր, աշխարհի երեխաների մեծ մասի նման դպրոց վերադառնալու փոխարեն, Գազայում մոտ 660,000 աղջիկներ և տղաներ քայլելու են ավերակների միջով՝ հուսահատ, սոված, տրավմաներով և հիմնականում սգի մեջ»,-գրել է նա X սոցիալական ցանցում:
Լազզարինին կրկին կոչ է արել հրադադար հաստատել տարածաշրջանում՝ նշելով, որ դա «սովին և կրթական համակարգի կործանմանը վերջ տալու միակ ճանապարհն է»:
Օգոստոսին ՄԱՕԱԳ-ը, հղում անելով ՄԱԿ-ի արբանյակային հետազոտությունների կենտրոնին (UNOSAT), հաղորդել էր, որ Գազայի դպրոցական շենքերի 97%-ը վնասված է:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: