
Կկարգավորվի Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային փոխադրումների խնդիրը

Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը կկանոնակարգվի։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Չինաստանի միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նշվում է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը մինչ օրս կանոնակարգված չէ, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:
Այս համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է լուծել այս խնդիրը:
«Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների ոլորտի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ: