Ուկրաինայի քարտեզի ցուցադրությունը հզոր ապտակ էր Կիևի իշխանություններին․ Զախարովա

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունների ժամանակ ցուցադրված Ուկրաինայի քարտեզը հզոր ապտակ էր Կիևի իշխանությունների և նրանց կողմնակիցների համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա այնպիսի հզոր ապտակ էր, որը պետք է ուշքի բերեր բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ, կտրվելով պատմությունից, աշխարհագրությունից և իրականությունից, խոսում էին ինչ-որ «մարտի դաշտի» մասին, որտեղ, իբր, պետք է ամեն ինչ որոշվեր։ Այս ապտակը, հավանաբար, պետք է ինչ-որ կախարդական կերպով սթափեցներ Զելենսկուն: Թեև, կարծում եմ, նրան վերջնականապես ուշքի բերելը շատ դժվար կլինի ցանկացածի համար»,-հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է, որ քարտեզը Զելենսկուն և նրա շրջապատին հստակ ցույց է տվել կորուստների մասշտաբը` բոլոր առումներով։

Հիշեցնենք՝ օգոստոսի 18–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Վլադիմիր Զելենսկուն և ԵՄ երկրների ղեկավարներին: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Օվալաձև աշխատասենյակում ցուցադրվել է Ուկրաինայի քարտեզը, որտեղ արևելյան տարածքները ներկված են եղել վարդագույն, ինչը խորհրդանշում է Ռուսաստանի վերահսկողությունը:

Ավելի ուշ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն այդ քարտեզով լուսանկար է հրապարակել։ Ինքը՝ Զելենսկին, շնորհակալություն է հայտնել Թրամփին լուսանկարի համար և հայտարարել, որ այն իր հետ կտանի Ուկրաինա։

Ավելի վաղ՝ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չի դառնա և չի կարող Ղրիմը վերադարձնել։ 

Քաղաքականություն