
Մոսկվան զբաղված է Ուկրաինայի պատերազմով և կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում. ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները (trend.az) հրապարակել են հոդված, որտեղ անդրադարձ է կատարվում Հարավային Կովկասում հնարավոր դիվանագիտական շրջադարձին։ Հոդվածում նշվում է, որ ըստ որոշ աղբյուրների՝ այս շաբաթ տեղի է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սպիտակ տանը։ Հանդիպման նպատակն է քննարկել երկու երկրների միջև տասնամյակներ շարունակվող թշնամության վերջնական կարգավորման և խաղաղության հաստատման հնարավորությունը։
Հոդվածում ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին ակտիվ ջանքեր է գործադրել Բաքվի և Երևանի միջև միջնորդության համար։ Նշվում է, որ Վաշինգտոնը ներկայացրել է 12 կետից բաղկացած առաջարկ, որի առանցքում սահմանների փոխադարձ ճանաչումն ու անվտանգության միջազգային երաշխիքներն են։ Հեղինակը շեշտում է, որ սա կարող է դառնալ տարածաշրջանի համար ամենամեծ առաջընթացը Խորհրդային Միության փլուզումից ի վեր։
Ադրբեջանական լրատվամիջոցը նաև անդրադարձել են տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազմանը՝ նշելով, որ Մոսկվան այժմ զբաղված է Ուկրաինայի պատերազմով և կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում։ Հոդվածում նշվում է, որ այս իրավիճակը հնարավորություն է ստեղծում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի համար՝ առաջ մղելու նոր խաղաղության և ինտեգրման գործընթաց։
Հոդվածում շեշտվում է նաև, որ խաղաղության հաստատումը կարող է էապես փոխել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ճարտարապետությունը։ Նշվում է, որ ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի գործարկումը, կարող է նպաստել բեռնափոխադրումների և ներդրումների աճին։ Հեղինակը՝ Էլչին Ալիօղլին գրում է, որ Հայաստանի համար խաղաղությունը կարող է դառնալ տնտեսական շրջափակման հաղթահարման և արտահանման շուկաների ընդլայնման հնարավորություն։