
Չինաստանը կենթարկվի 100 տոկոս մաքսատուրքի՝ ռուսական նավթ գնելու դեպքում. Բեսենթ

ԱՄՆ-ը զգուշացրել է Չինաստանին, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթի հետագա գնումների պատճառով Վաշինգտոնը 100 տոկոս ներմուծման մաքսատուրքեր կսահմանի չինական ապրանքների համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ստոկհոլմում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկօրյա առևտրային բանակցությունների արդյունքներն ամփոփելիս Բեսենթը նաև դժգոհություն է հայտնել, որ Չինաստանը շարունակում է իրանական նավթ գնել, որը նույնպես պատժամիջոցների տակ է, և երկակի նշանակության ապրանքներ վաճառել Ռուսաստանին, ինչն ուղղակիորեն ազդում է Ուկրաինայում պատերազմի ձգձգման վրա:
ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով՝ Չինաստանի ներկայացուցիչները, ի պատասխան այդ նախազգուշացումների, հայտարարել են, որ մտադիր են հետագայում ևս պաշտպանել իրենց «էներգետիկ ինքնիշխանությունը»: «Չինացիները շատ լուրջ են վերաբերվում իրենց ինքնիշխանությանը, և մենք այն չենք ոտնահարի, եթե նրանք որոշեն վճարել 100 տոկոսանոց մաքսատուրք»,- ընդգծել է Բեսենթը։
Նախարարը հատկապես կարևորել է Կոնգրեսում քննարկվող օրինագիծը, որը նախատեսում է 500 տոկոս մաքսատուրքի սահմանում ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնող երկրներից ներմուծման համար։ «Կարծում եմ՝ բոլորը, ովքեր ռուսական նավթ են գնում, պետք է պատրաստ լինեն դրան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սքոթ Բեսենթը։