Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:  Հայտնում են ՔԿ-ից:

 


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Օ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը):


Ա․Գ․-ի նկատմամբ՝ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), Լ․Բ․-ի նկատմամբ՝ 436-րդհոդվածի 1-ին մասով (կաշառք տալը),


Ա․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Բ․Ղ․-ի և Է.Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):


6 անձի վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Նշենք` ըստ գլխավոր դատախազության Ս․Օ․-ն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքի և դրանում առկա շինությունների վերաբերյալ տեղեկությունները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:


Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ բնապահպանության նախկին նախարար Ա․Մ․-ն տեղեկացված լինելով`  հողատարածքը զավթված է պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից և հողատարածքի վրա արդեն իսկ ինքնակամ կառուցված են անօրինական շինություններ, դրանք քողարկելու և դրանց օրինական տեսք տալու համար, չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները, կազմակերպել են հողամասի վարձակալության ձևական մրցույթ։

Քաղաքականություն