Թուրքիայում հրդեհների հետևանքով 13 մարդ է զոհվել
Թուրքիայում արդեն մի քանի շաբաթ մոլեգնող անտառային հրդեհները սպառնում են երկրի մեծությամբ չորրորդ քաղաքին, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է Associated Press-ը։
Բուրսայի նահանգապետի աշխատակազմը այօսր հայտնել է, որ երկրի հյուսիսարևելքի գյուղերից բարեհաջող տարհանվել է 1765 մարդ, կրակի դեմ պայքարում է ավելի քան 1100 հրշեջ։ Բուրսան մայրաքաղաք Անկարայի հետ կապող մայրուղին փակվել է շրջակա անտառներում բռնկված հրդեհի պատճառով։
Նահանգի ընդդիմադիր պատգամավոր Օրհան Սարիբալը տեղի ունեցածն անվանել է «ապոկալիպսիս»։ Առավոտյան մեղմացած քամին հրշեջներին որոշակի դադար է տվել, և նրանք շարունակել են բոցը մարելու փորձերը։
Շաբաթ օրը հրշեջ ջոկատներն ամբողջ երկրում բախվել են հրդեհի 76 առանձին օջախի։ Հրդեհները սնվում են սեզոնին ոչ բնորոշ բարձր ջերմաստիճաններով, չորային պայմաններով և ուժեղ քամիներով։ Օդերևութաբանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Թուրքիայի հարավարևելյան Շիռնաք նահանգում գրանցվել է պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ ըստ Ցելսիուսի, 50,5 աստիճան։
Վերջին շաբաթների ընթացքում զոհվել է տասներեք մարդ, այդ թվում՝ 10 կամավոր փրկարար և անտառային տնտեսության աշխատակից, որոնք զոհվել են չորեքշաբթի օրը Թուրքիայի արևմուտքում գտնվող Էսքիշեհիրում բռնկված հրդեհի ժամանակ։