
Վարչպետի խոսնակը` ՀՀ Սահմանադրության փոփոխության Ալիևի պահանջի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնպես հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մեխանիզմների լուծարմանը եւ Խաղաղության համաձայնագրի հնարավոր նախաստորագրմանը, Հայաստանի Հանրապետության համար դա հասկանալի օրակարգ է, եւ հիմա ակտիվ քննարկումներ են գնում, թե ինչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հոտ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը:
«Ինչ վերաբերվում է Սահմանադրության հետ կապված հարցին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ եթե Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ Սահմանադրական դատարանը այն Սահմանադրությանը հակասող ճանաչի, վարչապետն ինքը ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի։ Մինչ այդ դրա պատճառ չկա, որովհետեւ ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի որոշմամբ սահմանել է, որ մեր Սահմանադրության մեջ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Այս թեմաներին վարչապետ Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին Զեկույցի քննարկման եւ «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ընդարձակ ելույթներում»,- ասել է մամուլի խոսնակը: