
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը` մոր և երեխայի պահման պայմանների մասին

Երեկ 3 ամսով կալանավորված և 8 ամսական փոքրիկի հետ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Լիանա Հարությունյանի խցում եղել է տաք ջուր, նաև երեխաների համար նախատեսված պատշաճ սնունդ է տրամադրվել։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ արձագանքելով իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանի գրառումներին և հերքելով դրանք։
Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն այսօր մի քանի գրառում էր արել՝ անդրադառնալով իր պաշտպանյալի և նրա նորածին երեխայի պահման պայմաններին։ Նա գրել էր, որ այսօր այցելել է «Աբովյան» ՔԿՀ, այնտեղ պարզել, որ երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է:
«Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք: Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է, նրան բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, որը հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «Սմեկտա» դեղամիջոց և հեղուկ: Այսինքն` մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել»,- գրել էր Փոստանջյանը։
Նա նաև նշել էր, որ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:
«Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։ Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։ Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է»,- եզրափակել էր Փոստանջյանը։
Ավելի ուշ Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում նաև բաց նամակ էր տեղադրել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և ՄԻՊ Անահին Մանասյանին։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն արձագանքել է Փոստանջյանի գրառումներինը` ընդգծելով, որ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. բանտախցում եղել է տաք ջուր, այդ թվում՝ գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։ Ինչ վերաբերում է սննդին, նշվում է, որ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։
«Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Քրեակատարողական ծառայությունից հավելում են, որ 8 ամսական փոքրիկն այս պահին հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։