ՀՀ-ն և ԵՄ-ն ավարտել են գործընկերության շուրջ բանակցությունները. Միրզոյան

Այսօր մեր կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Պաշտպանական և անվտագության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր:


Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը: Այս համատեքստում, իհարկե, մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը:


Երրորդ՝ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները: Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացելու ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության պայմանագրի արդյունավետ կիրարկումը:


Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել»,- ասել է Միրզոյանը: