
Բագրատյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու Փաշինյանի հայտարարության մասին

Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է՝ Կառավարությունից Ազգային ժողով դեռևս չի հասել: Գիտեք, որ քննարկումների փուլ է լինում: Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսելու համար օրենքի նախագիծ է շրջանառվում:
Նրա խոսքով՝ նախագիծը, պետք է քննի տնտեսական հարցերի հանձնաժողովը, գուցե Պետաիրավական հանձնաժողովի հետ համատեղ։
«Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չկա»,- շեշտեց պատգամավորը:
Ճշտող հարցին՝ ի՞նչ օրենսդրական լուծումներ են լինելու ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացում, ի պատասխան, ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է. «Երկու ամիս առաջ Ազգային ժողովում քննարկումներ են անցկացվել՝ նվիրված ՀԷՑ-ի գործունեությանը, որի ընթացքում բազմաթիվ թերություններ են մատնանշվել մեր գործընկերների կողմից»։
ՔՊ–ական պատգամավորը նշել է, որ քաղաքացիները, որոնք տուժել են հովհարային անջատումներից, կարող են հայցերով մտնել դատարան։
«Այդ գումարի չափը կարող է լինել այնքա, որքան արժեք ՀԷՑ–ի գինը, հետևաբար, այդ ժամանակ, որպես կանոն, շատ տնտեսվարողներ հրաժարվում են այլևս շարունակել, որովհետև, կարծես, այդ վճարումը շատ ավելին արժի, քան այն հիմնարկությունը, որն այս պահին իրենք տիրապետում են: Բազմաթիվ են նման դեպքերը աշխարհի տարբեր երկրներում»,- ընդգծել է նա:
Լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է պետությունը գումարով գնել ՀԷՑ-ը, Բագրատյանը նշել է՝ պետք է բանակցել սեփականատիրոջ հետ, որպեսզի հասկանան նախ՝ ինչ գին է որոշված:
«Հաճախ լինում է, որ իրական գինը շատ խաբուսիկ է: Գնելը տարբերակներից մեկն է»,- ասել է նա: