
Ռուսաստանը ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման է ենթարկվել

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Բրյանսկի մարզի վրա խփվել է 46 անօդաչու թռչող սարք, Բելգորոդի մարզի վրա՝ 20, Վորոնեժի մարզի և Ղրիմի վրա՝ իննական, Կալուգայի մարզի և Թաթարստանի վրա՝ չորսական, Մոսկվայի մարզի վրա՝ երեք, Լենինգրադի, Օրյոլի և Կուրսկի մարզերի վրա՝ երկուական, և Սմոլենսկի մարզի վրա՝ մեկը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը զանգվածաբար հարձակվել է Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։