
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»,– ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Համաձայն մեղադրանքի՝ 2018-ի ապրիլի 22-ին մայրաքաղաքի Էրեբունի փողոցում տեղի ունեցած ակցիայի ժամանակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որը, ըստ մամուլի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է, բռնություն է գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ։
Ըստ Քննչական կոմիտեի, Էրեբունիում քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում՝ բժշկական դիմակներով, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն էր գործադրվել նաև էլեկտրահարող սարքերով: Համբարձումյանը հայտարարել էր, որ մեղադրանքներն իր վրայից հանվել են, քանի որ, իր փոխանցմամբ, որևէ կապ չի ունեցել բռնության դեպքերի հետ։