
Ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում. Հայկ Մարության

Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ի վիճակի չէ տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք բերել, որովհետեւ չի կարողանում տոմսերի վաճառքից բավարար չափով գումար հավաքել։ Այլ կերպ ասած՝ տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղեւորների» եւ բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Նախ՝ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը նախաձեռնելիս մենք ասում էինք, որ մանրամասն հաշվարկ է պետք, որպեսզի հասկանալի լինի ե՛ւ մարդկանց գնողունակությունը, ե՛ւ տրանսպորտի զարգացման վրա թանկացումների հնարավոր ազդեցությունները։ Այսօրվա վիճակը ապացուցում է, որ մենք ճիշտ էինք՝ քաղաքապետարանը թանկացումը հիմնավորող նորմալ հաշվարկ չունի։
Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հարցրեցի ու այդպես էլ պատասխանը չստացա, հիմա նորից եմ հարցնում՝ հարկերը բարձրացնելու հաշվին էդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում։
Բա ասում էիք «բոյկոտը ձախողվել ա», հիմա ինչու՞ եք դժգոհում թերհավաքագրումների»,- գրել է նախկին քաղաքապետը:
Հիշեցնենք` Տրանսպորտի ուղեվարձի դեմ ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: Չվճարումները բերել են բյուջեի որոշակի խնդիրների։ Իսկ քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, պայմանական՝ հանրակրթությունից, գումար կտրել ու ներդնել հասարակական տրանսպորտի ոլորտում: