Առաջին Հանրապետությունը որպես չարիք ու ծաղրի առարկա դարձավ ԽՍՀՄ-ում. Փաշինյան
Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության՝ Առաջին Հանրապետության հիմնադրման հետ։ Սարդարապատի հերոսամարտով առարկայացած առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, նրա գոյությունը տեւեց ընդամենը երկու տարի ու մի քան ամիս։
Բայց Առաջին Հանրապետությունը մեզ, շուրջ 4-5 տարի պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի և մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը։
Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետեւ դրա ժամանակը չունեցավ։ Իսկ Խորհրդային Միության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետականության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը։
1991–ին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծություն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձեւերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետեւողականորեն սերմանել է մեզանում»,– ասաց նա։