Պետք է նրանց խեղդել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արտասահմանյան ընկերությունների վերադարձը ռուսական շուկա պետք է ձեռնտու լինի Ռուսաստանին։ 


«Ես արդեն այդպիսի խնդիր եմ դրել կառավարության առջև՝ հանգիստ, առանց շտապելու մշակել ցանկացողների հնարավոր վերադարձի ծրագիրը։ Բայց, հաշվի առնելով բացառապես մեր գործարարների շահերը։ Այս հարցում նույնիսկ կասկած չի կարող լինել։ Մենք ձեզ հետ միասին կմշակենք ամեն ինչ` անգամ մանրամասները: Ամեն ինչ՝ գրագետ և մեզ ձեռնտու», - ասել է Պուտինը։


Նրա խոսքով` արևմտյան գործընկերների վերադարձի դեպքում ռուսական ընկերությունները պետք է ժամանակին նախատեսեն իրենց համար շահավետ պայմաններ։


«Ուղղակի որոշ խոշոր ընկերություններ, որոնք աշխատում են տնտեսության մյուս ճյուղերում, հիմա արդեն գալիս են ինձ մոտ և ասում՝ այ, մեր գործընկերները ազդանշաններ են ուղարկում, ուզում են վերադառնալ։ Ես ասում եմ՝ խնդրեմ, թող վերադառնան։ Պարզապես մտածեք, թե ինչ պայմաններով: Եթե դա ձեզ ձեռնտու է, խնդրեմ: Եթե ինչ- որ բան ձեռնտու չէ, եկեք այնպես անենք, որ ձեռնտու լինի», - հավելել է ՌԴ նախագահը:


Նա «Համեղ է, և վերջ» սննդի կետերի ցանցի ղեկավարությանը խոստացել է իշխանությունների օգնությունը McDonald's-ի՝ Ռուսաստան հնարավոր վերադարձի հարցերը կարգավորելու հարցում:


«Բոլոր գործիքներն ունենք։ Կրկնում եմ` մենք նրանց չենք վռնդել, գնացողն իրենք են... Ես, այնուամենայնիվ, հիմնական կրթությամբ իրավաբան եմ, ես գիտեմ, թե դա ինչ է. եթե դուք ինձ պայմանագրի նմուշ տաք, ես հիմա այնտեղ ամեն ինչ ցույց կտամ, թե ինչպես և ինչ պետք է արվի: Մենք ունենք լավ մասնագետներ։ Մենք անպայման կօգնենք ձեզ: Նույնիսկ մի կասկածեք», - ասել է Պուտինը։


«ԻՎԱ» ՀԲԸ–ի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Իոդկովսկին իր ելույթում անդրադարձել է արտասահմանյան ընկերությունների աշխատանքին, որոնք «մինչև վերջ չեն հեռացել» Ռուսաստանից:


«Գուցե որպես գործիք կարելի է կիրառել ծառայությունների փոքր-ինչ սահմանափակումը ընկերությունների նկատմամբ, որոնք մինչև վերջ չեն հեռացել, օրինակ՝ Zoom-ի կամ Microsoft-ի, որոնք դեռ շարունակում են գործունեություն ծավալել», - առաջարկել է նա:


Պուտինը պաշտպանել է առաջարկը՝ հայտարարելով, որ «պետք է խեղդել» նման ընկերություններին։


«Պետք է նրանց խեղդել։ Լիովին համաձայն եմ: Ես դա ասում եմ առանց ամաչելու: Քանի որ նրանք փորձում են խեղդել մեզ, մենք պետք է փոխադարձաբար պատասխանենք նրանց: Ահա և վերջ: Մենք ոչ մեկին չենք վռնդել, ոչ մեկին չենք խանգարել։ Մենք մեզ մոտ, մեր շուկայում աշխատելու համար առավելագույն բարենպաստ պայմաններ ենք ապահովել, իսկ իրենք փորձում են մեզ խեղդել։ Պետք է փոխադարձաբար պատասխանել նրանց, գործել հայելային»,- եզրափակել է նա: