
ՍԴ նախագահը խոսել է Սահմանադրության տեքստի մասին

Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակել է սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում:
«Մեր Սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր և կընդունվեր հանրաքվեի միջոցով, կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը եթե նկատեր, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովը, մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ ևս աշխատել են մեր Սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում՝ նրանք նկատեին էդպիսի պահանջ՝ որևէ երկրի տարածքային ամբողջականության դեմ, դա չբարձրաձայնեին», - ասել է Դիլանյանը:
Սահմանադրական դատարանի նախագահը շեշտել է՝ միջազգային իրավունքն է պարտադրում պետություններին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը. - «Չի կարող պետությունը վերցնել և որոշել, որ ինքն ունենալու է այնպիսի իրավական փաստաթուղթ, որում ուղիղ ոտնձգություն է իրականացնելու, իսկ դա հավասար է ուղիղ ոտնձգության, նույնիսկ եթե էդպիսի պահանջ դու ձևակերպում ես, այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, դա միջազգային իրավակարգին հակասող կարգավորում կլինի: Եվ ես համոզված եմ, որ մեր Սահմանադրությունն էլ չունի այդպիսին»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: