Դա փորձում են անել շատ նողկալի եղանակով. Ալեքսանյան

Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


«Դա փորձել են անել ի սկզբանե, փորձում էին անել այն ժամանակից սկսած, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանության ենթարկեցին: Սակայն մի քանի անգամ այսպես հիասթափությունների մեջ ընկնելով, չկարողանալով մոբիլիզացնել այդ մարդկանց, չկարողանալով նրանց դրդել Հայաստանում բողոքի գործողությունների՝ կարծես թե հետ էին կանգնել այդ մտքից: Հիմա կրկին փորձում են դա անել ու դա փորձում են անել շատ նողկալի եղանակով»,- ասել է նա:


Ալեքսանյանը մեղադրեց նաև լրատվականներին, որ ռադիկալ հայացքներ ունեցող արցախցիներին են խոսեցնում և սխալ վերնագրեր դնում: Դիտարկմանը՝ իշխանական լրատվամիջոցները, օրինակ, մարդկանց են խոսեցնում ու վերնագիր դնում՝ «Արցախցուն գյուլեն էլ է ափսոս, պետք է բոլորին հողին հավասարեցնել»,- սա նորմա՞լ է, Ալեքսանյանը ասել է, որ նորմալ չէ և որ խստորեն դատապարտում է:


«Բայց գիտեք՝ խնդիրը որն է, որ դուք, ձեր լրատվականը, էն մյուսը, էն մյուսը գնում եք Լեռնային Ղարաբաղի ռադիկալ հայացնքեր ունեցող քաղաքացիներին խոսեցնում եք, դրանցից ստանում եք այսպիսի վերնագրեր՝ «երեխեքին թաղեմ», «կնոջը թաղեմ», «ընտանիքը սպանեմ, ծառից թարս կախաղան անեմ», նմանատիպ վերնագրեր, հետո երբ այդ խոսույթին ի պատասխան հնչում է խոսույթ ուրիշ մարդկանց կողմից, սկսում եք այդ մարդկանց քննդատել»,- նշել է նա:


Ալեքսանյանը ասել է, որ միանում է քննադատությանը, բայց երբ այդ քննադատությունը միակողմանի է, այդ բևեռացումն այն է, ինչ ընդդիմությունը ուզում է: «Դա այն է, ինչ ուզում է ստանալ ընդդիմությունը: Պետք է երկկողմանիորեն կոչ անել թե ակցիաներին մասնակցող ԼՂ քաղաքացիներին, որ չդառնան ընդդիմության ձեռքին գործիք, չտարածել ընդդիմության ատելության մոտիվներն ու նարատիվները, անեծքներն ու լուտտանքները, և թե՛ մեր քաղաքացիներին, ուղղակի բացատրել այս մարդկանց՝ ընդդիմությունը փորձում է նրանց օգտագործել սեփական շահերի համար»,- եզրափակել է պատգամավորը: