Նրանք հպարտ ժողովուրդ են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125% բարձրացնելու որոշումից հետո հայտարարել է, որ Պեկինը ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ, բայց չգիտի՝ ինչպես դա անել: Այս մասին Թրամփն ասել է լրագրողներին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ:


«Չինաստանը ցանկանում է համաձայնագիր կնքել: Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես մոտենալ դրան։ Նրանք հպարտ ժողովուրդ են։ Նախագահ Սին հպարտ մարդ է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, բայց նրանք չգիտեն, թե ինչպես մոտենալ սրան, բայց նրանք մի բան կմտածեն: Նրանք այժմ զբաղվում են դրանով, բայց նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել», - ասել է Թրամփը միջոցառման ժամանակ, որի տեսանյութը տարածել է Fox-ը:


Թրամփը հավելել է, որ հնարավոր է համաձայնության հասնել բոլոր երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ։«Դրանք կլինեն արդար համաձայնագրեր։ Ես ցանկանում եմ, որ լինի արդար։ Բոլորի համար կլինեն արդար համաձայնագրեր», - ասել է նա։ 


Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ պատրաստ է հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որին հարգում է։ Ապրիլի 9-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել էր չինական ապրանքների համար մաքսատուրքերը մինչև 125% բարձրացնելու որոշման մասին։ Նա նշել է, որ դրանք «ուժի մեջ կմտնեն անմիջապես»։


Ավելի վաղ Չինաստանի իշխանություններն ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացրել էին մինչև 84%։


Թրամփը նաև 90-օրյա դադար է տվել և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստ 75 երկրի ազատել սահմանված բարձր մաքսատուրքերից՝ փոխարենը սահմանելով 10% մաքսատուրքեր։