
Շատերը կարծում էին, թե նրան ոչ մի բանում մեղավոր չեն ճանաչի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին լը Պենի դատավճիռը շատ նման է այն հետապնդմանը, որին ինքը ենթարկվել է ԱՄՆ-ում։
«Սա մեծ գործ է։ Սա շատ մեծ գործ է։ Ես լիովին տեղեկացված եմ այդ մասին։ Շատերը կարծում էին, թե նրան ոչ մի բանում մեղավոր չեն ճանաչի»,- նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը երկուշաբթի՝ խոսելով լը Պենի դատավճռի մասին։
«Եվ ես չգիտեմ, թե արդյոք դա պայմանավորված է դատավճռով, բայց նրան արգելել են մասնակցել ընտրություններին հինգ տարի, իսկ նա առաջատար թեկնածու է»,- ավելացրել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը։
«Դա նման է մեր երկրին։ Դա շատ նման է մեր երկրին»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Փարիզի դատարանը երկուշաբթի լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսի ժամանակ նա պետք է էլեկտրոնային թեւնոց կրի (մյուս երկու տարին՝ պայմանական)։ Դատավճիռը, փորձագետների կարծիքով, նրան զրկում է 2027թ. կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ինչպես նշել է Le Figaro թերթը, լը Պենը կարող է պահպանել իր պատգամավորական մանդատը եւ կուսակցության խմբակցության նախագահի պաշտոնը։ Սակայն նա չի կարողանա մասնակցել Ֆրանսիայի խորհրդարանի Ազգային ժողովի (ստորին պալատի) հնարավոր արտահերթ ընտրություններին։