Հրապարակվել է Ջալալ Հարությունյանի դատավճիռը. «Հետք»

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ, նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, գրում է hetq.am-ը՝ նշելով, որ դատավճիռը դեռևս օրինական ուժ չի ստացել, Ջալալ Հարությունյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել վերադաս դատարան։


Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։


Դատաքննության ժամանակ հարցաքննված դիվիզիոնի ողջ անձնակազմը միաբերան պնդել է, որ հնարավոր և հավանական էր առաջին անգամ «թողնել» հրամանը տալու դեպքում անվնաս նահանջ կատարել։ Հայտնել են, որ անձնակազմն արդեն իսկ պատրաստվում էր, վարորդներից ոմանք ավտոմեքենաները թաքստոցից տեղափոխում էին կրակային դիրք և սկսել էին հավաքել ռազմամթերքը։ Սակայն Ջալալ Հարությունյանի՝ «կրակային դիրքը թողնելու» հրամանը չեղարկելուց հետո, անձնակազմը վերադարձել է զբաղեցրած դիրքեր։ Ավելին՝ խորացված հրամանատարական կետից (ԽՀԿ) փոխանցվել են նոր նշանակետեր։


«Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական նշանակություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու և կրակային դիրքը ոչ ժամանակին լքելու համար, որի հետևանքով հակառակորդի խմբավորմանը հաջողվել է հայտնաբերված լինելու պայմաններում անարգել մոտենալ անձնակազմին, ինչպես նաև սկսել անմիջական մարտական գործողությունները»,– ասվում է դատավճռում։


Հարությունյանի գործողությունների հետեւանքով զոհվել են 1-ին մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ՝ պահեստազորայիններ Նվեր Ավանեսյանը, Վահե Ավագյանը, Վաչագան Հարությունյանը, Կարեն Դանիելյանը, Նաիրի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ Գեորգի Բալայանը, Սամվել Ղազարյանը, Արթուր Ասրյանը, Լևոն Գրիգորյանը, Դավիթ Ազատյանը, Արտյոմ Տեփանյանը, Ռուբեն Պողոսյանը, Նարեկ Օհանյանը, Արտակ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Վահե Պապյանը, Հայկ Անտոնյանը, Գոռ Ափանոսյանը, Սամվել Պողոսյանը, Հայկ Մելիքյանը։


Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1-ին և 2-րդ մարտկոցների 10 զինծառայողներ՝ 1-ին մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Արիկ Գոքորյանը, պահեստազորայիններ՝ Արթուր Բեգլարյանը, Արթուր Գասպարյանը, Էմիլ Աֆրիկյանը, Վազգեն Հարությունյանը, Միքայել Միքայելյանը, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Հակոբյանը, Արգիշտի Մարգարյանը, Էրիկ Գրիգորյանը և Սերգեյ Դարագուլյանը։ Զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։


Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերը, ինչպես նաև այդտեղ գտնվող 8 հատ Դ-20 հրանոթները, 5 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, զենք-զինամթերքը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը անցել են հակառակորդի վերահսկողության տակ:


«Դատարանը հարկ է համարում նաև շեշտադրում կատարել այն հանգամանքին, որ յուրային զորքերի քանակն, ըստ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանի ցուցմունքի, պահեստազորային զորքերի ներգրավմամբ, կազմել է 164 հոգի։ Պետք է հաշվի առնել, որ մինչև դեպքը տեղի ունենալը Դ-20 հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցը խոցվել էր և ՄՈԲ-ից թվով 9 հոգի վախից փախել էին Հադրութ թեքվելու ժամանակ։ Այսինքն, եթե շարժվենք թվաբանական հարաբերակցությամբ, ապա ստացվում է, որ և՛ հակառակորդի միջոցներն են եղել անհամարժեք յուրային զորքերի միջոցների համեմատ, և՛ թվաքանակը»,– նշվում է դատավճռում։


Դատարանն անդրադարձել է նաև դիվիզիոնի 3-րդ մարտկոցի խոցվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով փաստվել է, որ 3-րդ մարտկոցը առաջին անգամ խոցվել է Ջուվառլու տեղանք գնալուց հետո, որի արդյունքում ունեցել են մեկ զոհ, 5-6 վիրավոր և հրանոթների կորուստ։ Դատարանն ուշագրավ է համարել տուժող Արմեն Ասրյանի ցուցմունքը, ըստ որի՝ մարտկոցի խոցվելու վերաբերյալ դիվիզիոնի ղեկավարությունը զեկուցել է ՊԲ շտաբ, դրանից հետո՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, նորից տեղակայվել է Ջուվառլու տեղանքում։


«Տարակուսելի է, որ դիվիզիոնը տեղակայվելով արդեն իսկ բացահայտված տեղանքում՝ կրկին ցուցում է ստացել տեղակայվել նույն վայրում։ Մինչդեռ հարկ է նկատել, որ դատաքննության ժամանակ ուսումնասիրված արտավարութային փաստաթղթերը հաստատում են այն հանգամանքը, որ առնվազն ակնհայտ է եղել Ջուվառլու տեղանքին հարակից տեղանքներում հակառակորդի առկայությունը, սակայն դիվիզիոնի ղեկավարության հարցումներին ի պատասխան՝ հայտնել է մոտեցող խմբավորման յուրային լինելու մասին»,– նշվում է դատական ակտում։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: