Ավելի քան 120 ԱԹՍ–ներով հարձակում՝ Ռուսաստանի և Ղրիմի վրա
Չորեքշաբթի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Թիրախը, ըստ ականատեսների, եղել է Տուապսեի ծովային նավահանգիստը։
Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման մասին։ Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Տուապսեում և Թեմրյուկի շրջանում տներ են վնասվել, սակայն զոհեր չկան։
Քաղաքի բնակիչները հաղորդում են Տուապսե ծովային նավահանգստի վրա շարունակվող հարձակման մասին՝ հրապարակելով պայթյունների տեսանյութեր: Տեսանյութերից մեկում երևում է վնասված բնակելի շենքը։
Ռուսական Telegram ալիքները հաղորդում են նաև Անապայի երկնքում պայթյունների մասին, որտեղ ենթադրաբար գործում էին ՀՕՊ ուժերը։ Սոչիի օդանավակայանը մտցրել է «Կարպետ» պլանը, դադարեցրել է թռիչքների ընդունումն ու առաքումը։
Ղրիմի իշխանությունները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի մասին: Սև ծովի վրայով չորս անօդաչու թռչող սարք է խոցվել:
ՌԴ ՊՆ–ն հայտնել է Ռուսաստանի, Ղրիմի, Սև և Ազովի ծովերի երկնքում 128 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Կրասնոդարի երկրամասում ենթադրաբար 83 անօդաչու թռչող սարք է խոցվել։