Ինչպես է ՔՊ-ին աջակցող «պապիկը» «հարձակվում» իրեն նկարահանող լրագրողների վրա. Մարությանի գրասենյակ
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՔՊ-ին աջակցող «պապիկը» խիստ ագրեսիվ ձևով հարձակվում իրեն նկարահանող լրագրողների վրա, հայհոյում և հարվածում է նրանց, բացահայտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Այդ մասին հայտարարություն է տարածել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրասենյակը:
«Ուշագրավ է, որ այս տեսանյութն ակտիվորեն տարածում են իշխանական քարոզչամիջոցները՝ փորձելով ցույց տալ, իբր «քաղաքացին» մերժում է բոյկոտը։
Ցավում ենք, որ մի քանի տարի առաջ ժողովրդի իրական աջակցությամբ իշխանության եկած ուժը այսօր մնացել է նմանների հույսին, որոնք հարնային վայրերում հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են ու խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։ Սա ճիշտ նույն վիճակն է, որում գտնվում էր նախորդ իշխանությունը մոտ 10 տարի առաջ։
Դատախազությանը հորդորում ենք այս տեղանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, հայտնաբերել այս «քաղաքացուն» եւ քրեական վարույթ հարուցել։
Բոյոկոտին միացած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին խնդրում ենք չտրվել պրովոկացիաներին եւ շարունակել օրինական բոյկոտը»,- ասված է հաղորդագրության մեջ: