«Եթե 2020թ․ չգողանային Թրամփի հաղթանակը, գուցե պատերազմ չսկսվեր»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խելացի և պրագմատիկ մարդ է անվանել։ ՌԴ ղեկավարը նշել է, որ Թրամփի հետ աշխատել է իր առաջին նախագահական ժամկետում։


«Նա ոչ միայն խելացի անձնավորություն է, այլև պրագմատիկ մարդ: Եվ ես դժվար թե պատկերացնեմ, որ որոշումներ կընդունվեն, որոնք կվնասեն բուն ամերիկյան տնտեսությանը»,- ասել է Պուտինը:


Պուտինը համաձայնել է ԱՄՆ նախագահի այն մտքի հետ, որ եթե 2020 թվականին վերընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում, ապա հնարավոր կլիներ խուսափել ուկրաինական ճգնաժամից։


«Եվ ես չեմ կարող չհամաձայնել նրա հետ, որ եթե նա լիներ նախագահ, եթե 2020 թվականին նրանից չգողանային իր հաղթանակը, ապա միգուցե 2022 թվականին ծագած ճգնաժամն Ուկրաինայում չէր լինի», - ասել է Պուտինը։


ՌԴ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հանգիստ զրուցել Թրամփի հետ երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների շուրջ։


«Ավելի լավ կլիներ, որ մենք, ելնելով այսօրվա իրողություններից, հանգիստ խոսեինք բոլոր այն ոլորտների մասին, որոնք հետաքրքրում են թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին: Մենք պատրաստ ենք, բայց, կրկնում եմ, դա առաջին հերթին կախված է նրանից, թե ինչպիսին կլինեն ամերիկյան ներկայիս վարչակազմի որոշումներն ու ընտրությունները»,- ասել է նա։


Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, սակայն Կիևը միլիարդներ է ստանում հովանավորներից, բայց չի շտապում չեղարկել ՌԴ-ի հետ բանակցություններն արգելելու որոշումը։

Քաղաքականություն