ՊԵԿ ղեկավարը՝ պատշաճ հարկահավաքում իրականացնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաև ստվերի դեմ պայքար: Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կախված տնտեսական սցենարից, չի բացառում 2025–ի բյուջեի մասին օրենքում նախանշված ցուցանիշների վերանայումը:


 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահն այս մասին ասաց 2024–ի արդյունքներն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով 2024–ի բյուջեի մասին օրենքով նախապես պլանավորված եկամուտների ցուցանիշին և արդեն փաստացի արձանագրված ավելի ցածր ցուցանիշին:Հայաստանում նախորդ տարի հավաքվել են 2 տրլն 390.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 117 մլրդ դրամով: 


«Երբ 2024 թվականին բյուջեն ձևավորվում էր, կանխատեսումը 2 տրլն 614 մլրդ էր, բայց Ֆինանսների նախարարությունը շատ թափանցիկ ձևով նշել է նաև ռիսկերի մասին: Պարզ է, որ գործում ենք մի անորոշ միջավայրում, որտեղ սցենարները բազմաթիվ են: Հետևաբար, կախված տնտեսական սցենարից տարբեր է լինում նաև հարկահավաքման մակարդակը:Տնտեսական աճը, գնաճը, փոխարժեքը, ներմուծումը, առանցքային մակրոտնտեսական ցուցանիշները ճշգրտվել են»,–ասաց Հակոբյանը:


Նրա վստահեցմամբ՝ Ֆինանսների նախարարությունը, կառավարությունը թափանցիկ են եղել այս ամենի վերաբերյալ հասարակությանը կոմունիկացնելու հարցում: ՊԵԿ նախագահը նշեց, որ տարվա ընթացքում 2 անգամ կանխատեսումների թարմացումներ են լինում:


Նա ընդգծեց՝ 2024 թվականի եկամուտների համար վերջին կանխատեսումը 2 տրլն 455 մլրդ է եղել: Դա նշանակում է, որ փաստացի հավաքագրված եկամուտների նկատմամբ տարբերությունը մոտ 60–65 մլրդ է: «Տարվա ընթացքում կառավարությունը հստակ կոմունիկացրել է հայրենակիցներին, որ տնտեսական իրավիճակը փոխվում է, և հետևաբար պետք է համապատասխան փոփոխություններ արվեն»,–ասաց Հակոբյանը:


Ցածր կանխատեսումների համատեքստում՝ նա նշեց, որ այս տարվա հետ կապված որոշակի դեպի ներքև ռիսկեր կան: «Մենք, իհարկե, հարկահավաքումը մյուս տարի (խմբ.–նկատի ունի 2025 թվականը) համարում ենք իրատեսական: Բայց պետք է փորձենք օբյեկտիվորեն բացատրել, թե ինչ է փոխվում տարվա ընթացքում, և ինչն  է ազդում հարկահավաքման վրա, որ հասարակությանը պարզ լինի՝ որքանն է հնարավոր, որքանը՝ ոչ»,–ասաց ՊԵԿ նախագահը:


 Նա հիշեցրեց, որ 2025–ի բյուջեի մասին օրենքում ևս նկարագրված են ռիսկեր, որ, եթե տնտեսական սցենարը լինի դեպի ներքև ուղղությամբ, հնարավոր են որոշակի ճշգրտումներ՝ դեպի ներքև ուղղությամբ: «Բայց մենք մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ: Դա նշանակում է տնտեսության տված զարգացումների պայմաններում օպտիմալ հարկերի հավաքում, որը ենթադրում է ստվերի դեմ կոշտ պայքար»,–եզրափակեց ՊԵԿ նախագահը:

Քաղաքականություն