Լոս Անջելեսում իրավիճակը մտահոգիչ է․ նոր մանրամասներ

Կանխատեսումներ անող ամերիկյան մասնավոր AccuWeather ընկերությունը գնահատել է Կալիֆոռնիայի անտառային հրդեհների վնասը և տնտեսական կորուստները:


Սա պատմության մեջ առավել մեծ վնաս հասցրած հրդեհներից է: Այս պահին վնասը կազմում է ավելի քան 50 միլիարդ դոլար, գրում է Ամերիկայի ձայնը։


J.P. Morgan ընկերության գնահատականով՝ ապահովագրված կորուստները կարող են կազմել մոտ 10 միլիարդ դոլար, որոնք հիմնականում կապված են տան սեփականատերերի ծախսերի հետ:


Անշարժ գույքի խորհրդատու CoreLogic-ն էլ գնահատում է, որ ավելի քան 456 հազար տներ են գտնվում վտանգի տակ գտնվող վայրերում, որոնց վերակառուցման ծախսերը կազմում են մոտ 300 միլիարդ դոլար:


Ըստ Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի՝ հրշեջները պայքարում են Լոս Անջելեսի շրջակայքում հինգ ակտիվ անտառային հրդեհների դեմ՝ Փալիսադես, Իտոն, Հերսթ, Լիդիա և Սանսեթ հրդեհները, ընդ որում՝ Փալիսադեսն ու Իտոնը ամենախոշոր բնական աղետներն են:


Իր վերջին զեկույցում գերատեսչությունը հայտնել է, որ հրդեհներն այրել են ավելի քան 11750 հեկտար հողատարածք:


Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակն իր հերթին հաղորդել է, որ հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 200 հազարի, իսկ Ջրային վարչությունը նշել է, որ ավելի քան 95 հազար տուն մնացել է առանց ջրի: Հանրային աշխատանքների վարչության տնօրենը զգուշացրել է, որ այրված շենքերի աղբի և բեկորների մեծ մասը վտանգավոր է, քանի որ դրանք թունավոր են:


Ավելի ուշ Լոս Անջելեսի պաշտոնյաները տեղեկացրեցին, որ հրդեհն աստիճանաբար նահանջում է՝ ընդհանուր առմամբ 15 հեկտարից հասնելով 11 հեկտարի:


Եղանակի ազգային ծառայությունը, սակայն, շարունակում է նախազգուշացնել, որ ցածր խոնավության, ուժեղ քամիների և բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհների վտանգը պահպանվում է:


Լոս Անջելեսի իշխանությունները նախնական տվյալներ են տրամադրում հրդեհների հետևանքների մասին։ Այն ոչնչացրել է մոտ 2000 տուն, ձեռնարկություն և այլ կառույցներ Փալիսադես և Իտոն շրջաններում: Սպասվում է, որ այդ թիվը կարող է աճել:


Այս պահին առկա է տեղեկություն 10 զոհերի մասին։