Սահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղյակ չէ` Տավուշի մարզում Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նշված հատվածների մասով ես տեղեկատվության չեմ տիրապետում։ Կադաստրային քարտեզները ՀՀ սահմանների մասով տեղեկություն չեն պարունակում այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ։ Կադաստրային քարտեզների մասին մենք շատ ենք խոսել ու 2021 թվականին քարտեզներ են ուղղվել. բազմաթիվ սխալներ են եղել»,– նշեց Թովմասյանը։
Նա ընդգծեց, որ շատ համայնքներ կան, որոնք մի քանի հարյուր մետրով դուրս են գալիս իրենց վարչական սահմաններից։ Սա, ըստ Թովմասյանի, հետևանքն է այն բանի, որ տարբեր համայնքների քարտեզները կազմվել են մասնագետների տարբեր խմբերի կողմից, բայց հետո այդ տվյալները չեն համադրվել։ Խոսքը միայն սահմանամերձ համայնքների մասին չէ։
«Վստահ եմ` եթե որևէ որոշում լինի կայացված, ապա դրա վերաբերյալ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա, ու հանրությունը կիրազեկվի»,– ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):