Հարկային ստուգումների հետ կապված փոփոխություններ կան

Հարկային քաղաքականությունը ոչ միայն հարկեր հավաքելու նպատակ ունի, այլ նաև արդարությունը վերականգնելու և ճիշտ խթաններ ստեղծելու նպատակ ունի: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:


«Այսինքն մի գործողությամբ մենք մի քանի կարևոր նպատակների պետք է հասնենք և շատ հաճախ դա այդքան էլ հեշտ չի։ Որովհետև, եթե անում ենք մի գործողություն, հնարավոր է դրանով ստեղծենք վարչարարական խնդիրներ, իսկ վարչարարությունը չկարողանա այդ գործողություններն իրականացնել կամ ապահովել այդ քաղաքականության սպասարկումը»,- ասել է նախարարը:


Հովհաննիսյանի խոսքով՝ եթե վարչարարության համար պարզեցնեն, հնարավոր է արդարության համար խնդիրներ ստեղծվեն։


«Եթե արդարության հարցը լուծենք, կարող է սողանքներ թողնենք, որպեսզի չարաշահումներ տեղի ունենան, իսկ սողանքների հարցը նաև արդարության հարցեր է բարձրացնում, որովհետև նրանք, ովքեր պարտաճանաչ չեն, ստեղծում են անարդարություն նրանց նկատմամբ, ովքեր պարտաճանաչ են։ Ես չեմ հավակնում ասելու, որ մեր հարկային քաղաքականությունն իդեալական ձևով լուծում է այս խնդիրները, բայց ամեն խնդրի համար արվում են տարբեր միջոցառումներ: Հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով որոշել ենք այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու ենք ստուգում իրականացնենք, որովհետև նրանք, ում անունը չէր հրապարակվում, իրենք ավելի հանգիստ էին լինում»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։