Կենդանիների որսը հեշտանու՞մ է. ՊՈԱԿ-ից պարզաբանում են
Բազմաթիվ են դիտարկումները, որ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկների ֆիքսած կադրերը հրապարակելով քաղաքացիներին հնարավորություն է տրվում որսալ տեղի կենդանիներին:
Auroranews-ը կապ հաստատեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի հետ պարզաբանում ստանալու համար` արդյոք քաղաքացիների դիտարկումները կարող են համապատասխանել իրականությանը, թե ոչ:
Ի պատասխան մեր ճշտող հարցին` ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ պահպանվող տարածքը բավականին մեծ է:
«Հրապարակման մեջ կոնկրետ տեղ նշված չէ, բացի այդ գործում է բավականին լավ պահպանություն։ Ընձառյուծներն էլ հիմնականում նույն տարածքում չեն մնում, փորձը ցույց է տվել, որ անընդհատ միգրացիայի մեջ են գտնվում և արեալներ փոխում»,- նշեցին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ից:
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գրել էր․ «Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերականգնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների»։